Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունները կարող են Սիրիայի միասնականության համար վտանգավոր հետեւանքներ ունենալ եւ բացասաբար ազդել ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Այս մաիսն հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահ Աունը ՄԱԿ-ի խորհրդականին ասել է, որ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ, եւ Լիբանանը հետեւում է զարգացումներին՝ հույսով, որ Սիրիայի միասնականության վրա ոտնձգություններ չեն լինի»,- ասվում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության սկզբի մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան այդ օրը հարվածներ է հասցրել Ռաս էլ-Այն քաղաքի եւ սիրիական մի շարք քաղաքների ուղղությամբ:

Ավելի ուշ հայտարարվել է ցամաքային գործողությունների սկզբի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ «Խաղաղության աղբյուր» գործողության սկզբից հետո զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում քրդական ձեւավորումների 181 օբյեկտների ուղղությամբ: ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների մասին: