Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության  տարածքում ոչ միայն անօրինական են եւ դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլեւ դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայում հայ համայնքի անվտանգությանը:

«Ռմբակոծությունների եւ ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարեւելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատեւումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի եւ հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին եւ կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է նա: