Ֆրանսիան դեմ է ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցման շուրջ բանակցություններ սկսելուն, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Փարիզը կարծում է, որ ԵՄ-ը առանց այդ էլ շատ խնդիրներ ունի եւ չի կարող այս փուլում իր շարքեր բալկանյան երկու պետության ընդունել:

Ֆրանսիայում հայտնել են, որ ԵՄ-ը պետք է ներքին բարեփոխումներ անցկացնի, որպեսզի մեծ էներգիայով եւ միասնությամբ լուծի այնպիսի հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու ներգաղթը, եւ որ այդ երկու հավակնորդները պետք է հետագա բարեփոխումներ անցկացնեն՝ նախքան բանակցություններ սկսելը:

«Բարեփոխումներ դեռեւս չկան: Մենք նրանց խնդրում ենք հավելյալ ջանքեր գործադրել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:

Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 28 անդամ պետությունների միաձայն համաձայնությունը:

Այդ հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի Լյուքսեմբուրգում:

«Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան շատ բան են արել, սակայն դեռեւս անելիքներ կան: Անդամակցման շուրջ բանակցություններ սկսելու համար տարիներ են պետք, եւ նրանք պետք է կատարեն բոլոր չափանիշները նախքան թույլատրումը»,- ասել է աղբյուրներից մեկը: