Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման աշխատանքներ են սկսվել։ Այս մասին այսօր Հայաստանի ցանցային օպերատորների ArmNOG խմբի համաժողովում հայտարարեց Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հեռակոմունիկացիաների կառավարման վարչության տեխնոլոգիական զարգացման եւ պաշարների կառավարման բաժնի ղեկավար Արմեն Ունանյանը։ Խոսելով Հայաստանում ինտերնետի հասանելիության աստիճանի մասին՝ Ունանյանը նշեց, որ Հայաստանում գործում է մոտ 160 ինտերնետ-մատակարար, որոնցից ավելի քան 100-ը աշխատում են նաեւ Երեւանի սահմաններից դուրս։ Տվյալ պահին Հայաստանի բոլոր բնակավայրերում առնվազն ի դեմս մեկ օպերատորի կա ֆիքսված կապ եւ լայնաշերտ ինտերնետ։ Նա ընդգծեց, որ երկրում 3G կապի 100 տոկոսանոց հասանելիություն կա, ինչպես նաեւ 4G+ տեխնոլոգիայի 88 տոկոս հասանելիություն։ «Նաեւ տենդեր է անցկացվել, եւ այն շահած ՄՏՍ ընկերությունը կապահովի 4G+-ի մնացած 12 տոկոսը»,- նշեց Ունանյանը։

Ինչ վերաբերում է ֆիքսված լայնաշերտ կապին, նա նշեց, որ 333 բնակավայրերում այն ապահովվում է կապի օպտիկա-մանրաթելային գծերով, 182 բնակավայրերում լայնաշերտ ինտերնետը տրամադրվում է ADSL տեխնոլոգիայի միջոցով։ Նա ասաց, որ Հայաստանը ինտերնետի արագության ցուցանիշներով տարածաշրջանում վատ դիրքում չի գտնվում, իսկ 2006թ․ շուկայի լիբերալացման պահից Հայաստանում ինտերնետ կապի արժեքը կրճատվել է 6000 անգամ։ Նա նաեւ հավելեց, որ գների ավագ մասնագետ Սիդխարտ Ռաջան հաստատել է, որ Հայաստանն, իրոք առաջատար դիրք է զբաղեցնում ինտերնետի հասանելիության հարցում։ Միաժամանակ, նա նշեց, որ ոչ բոլոր ցուցանիշներով է Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքում, եւ դեռ կան բաներ, որոնց պետք է ձգտել։ Մասնավորապես, ասաց, որ հատկապես գյուղերում տեխնիկայի հասանելիության խնդիրներ կան։ Հայաստանում ինտերնետ-կապի սակագները նույնպես հասանելի են, դրանք այնքան էլ շատ չեն գերազանցում բնակչության եկամուտներից ելնող մակարդակը։