Դիլան Ռոյալը, որը գիդ է աշխատում Sabi Sand Private Game արգելոցում, զբոսաշրջիկների խմբին տարել է նայելու հովազին, որի գոյության մասին բնորոշ ձայներն էին վկայում։ Դա նրանց չի հաջողվել՝ կատուն թաքնվել է մինչ մարդկանց հայտնվելը, սակայն իրադարձությունները, որ տեղի են ունեցել այգու այցելուների աչքի առջեւ, ավելի են զվարճացրել նրանց, հայտնում է Nat-geo-ն։

Զբոսաշրջիկները հիացել են փղերի խմբով, երբ հոտից ձագերից մեկն առանձնացել եւ սկսել է հարվածներ հասցնել «գնդակին»՝ թրիքի գնդին։ Նա իսկապես հաճույք է ստացել այդ զբաղմունքից՝ օգտագործելով չորս ոտքերը եւ տարբեր «տեխնիկաներ» օգտագործելով։

Մի պահ փղիկը դադարեցրել է խաղը։ Դիլանը վստահ է, որ նա նկատել է նկարահանումների ավարտը եւ որոշել է այլեւս «կեցվածք չընդունել»։ Սակայն երբ խումբը անցել է լքված գնդակի կողքով, «ֆուտբոլիստը» սպառնալից դիրք է ընդունել՝ ցույց վտալով, որ իր խաղալիքին պետք չէ ձեռք տալ։