ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կոնգրեսի հանրապետականների միջեւ տարաձայնություններն ուժգնացել են:

Օրենսդիրները դատապարտել են Սիրիայի հարցով նախագահի քաղաքականությունն ու կոչ արել Թուրքիայի դեմ «ավերիչ» պատժամիջոցներ սահմանել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցը քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսեց, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն ու նրա դեմոկրատ գործընկեր Քրիս Վան Հոլենը հրապարակել են Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների հայեցակարգը: Նրանք առաջարկել են պատժամիջոցներ սահմանել բարձրաստիճան պաշտոնական անձանց, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ, պատժել Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար եւ խստացնել վիզային սահմանափակումները:

Բացի այդ, նրանք առաջարկել են պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, որոնք Թուրքիայի հետ ռազմական գործարքներ են կնքում, առաջարկվել է նաեւ արգելել Թուրքիային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունն ու Էրդողանի կարողության եւ բաժնետոմսերի մասին զեկույց կազմել:

«Ուրախ եմ, որ հաջողվել է սենատոր Վան Հոլենի հետ երկկուսակցական համաձայնության հասնել՝ կապված Թուրքիայի դեմ Սիրիա ներխուժելու համար կոշտ պատժամիջոցներ սահմանելու հետ: Այն դեպքում, երբ վարչակազմը հրաժարվում է Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել, ես երկկուսակցական հզոր աջակցության հույս ունեմ»,- հայտարարել է Գրեմը:

Axios-ին տված հարցազրույցում Գրեմը ենթադրել է, որ պատժամիջոցների հարցով նախաձեռնությանը մեծ թվով հանրապետականներ կաջակցեն:

Իր հերթին, հանրապետական Ջիմ Ռիշը հայտարարել է, որ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները մտահոգություն են առաջացնում եւ կարող են կտրուկ վատթարացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները: