Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը Աշխաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում քննարկել են երկու երկրների առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Աշխաբադում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում լավ հնարավորություն ունենք քննարկելու երկկողմ հանդիպումն ու մեր առաջնորդների՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք ինտենսիվ երկխոսություն ենք վարում առաջին դեմքերի, արտաքին գործերի նախարարների, արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցների մակարդակով՝ դրան գումարած ինտենսիվ տնտեսական համագործակցությունը: Այնպես որ, այսօր մենք կարող ենք քննարկել, թե ինչ կարելի է անել, որպեսզի ամեն ինչ առանց խափանումների ընթանա»,- հանդիպման սկզբում ասել է Լավրովը:

«Անշուշտ, սա լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի մեր ինտեգրացիոն միավորումներում»,- հավելել է նա:

Իր հերթին, Մնացականյանը նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերի շուրջ դրական փոխանակում է ընթանում»: 

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: 

Նրանք քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: