«Հայելի» ակումբի դեմ հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը «ոտքը կախ է գցել», սպասում է ինչ-որ ցուցումի, բայց ակումբի իրավաբանական կողմը պնդելու է, որ ակումբի վրա հարձակում գործածները ներգրավվեն որպես մեղադրյալներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության համակիր մի քանի երիտասարդներ հարձակվել են ընդդիմադիր լրատվամիջոցի վրա՝ պահանջելով այն փակել:

Նա ասաց, որ այսօր իրենք այցելել են Քննչական կոմիտե, որտեղ հարցաքննության միջոցով իրենց դիրքորոշումն են հայտնել «Հայելի» ակումբի դեմ հարձակմանը, եւ միջնորդություն են ներկայացրել, որ միայն լրատվամիջոցի ներկայացուցչին խոչընդոտելու հոդվածը բավարար չէ, որովհետեւ տեղի է ունեցել խուլիգանություն․

«Ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել 4 անձինք, այսինքն՝ խմբի անդամներ, խմբակային գործողություն է տեղի ունեցել հանրային տարածքում, դա որակվում է որպես խուլիգանություն։ Հատուկ վերաբերմունք է ընդգծվել Անժելա Թովմասյանի նկատմամբ, որ նա պատկանում է Թովմասյանների ընտանիքին, ում եղբայրը այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, ով նաեւ հետապնդվում է գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից։ Այս ամբողջն իր մեջ պարունակում է նաեւ անձի նկատմամբ խտրական վերաբերմունք, որը նախատեսված է որպես հանցակազմ ՀՀ ՔՕ-ով։ Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ միայն Անժելա Թովմասյանին են ճանաչել տուժող։ Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 6-ին, ամսի 7-ին Անժելա Թովմասյանին ճանաչել են տուժող, մինչդեռ պետք է, եւ պարտավոր են ճանաչել նաեւ տուժող «Հայելի» ակումբին որպես իրավաբանական անձի եւ մեղադրանքի ծավալը փոխել, ավելացնել։ Այս պահին մենք ունենք 4 կասկածյալներ, այսինքն՝ այդ երիտասարդների կարգավիճակը սույն քրեական գործով որպես կասկածյալ է, մինչդեռ մենք ակնկալում ենք, որ նրանց պետք է տրվի մեղադրյալի կարգավիճակ։ Այստեղ վարույթն իրականացնող մարմինը մի քիչ ոտքը կախ է գցել, սպասում է, հավանաբար, ինչ-որ ցուցումի, բայց մենք պնդելու ենք, որ նրանց ներգրավվեն որպես մեղադրյալ, եւ մեղադրանքի ծավալն էլ մեծացնեն»։

Փոստանջյանն ասաց, որ այդ երիտասարդները ուղղորդված են եկել հանրային տարածք եւ նման գործողություններ կատարել․«Մենք համացանցից արդեն ունենք տեղեկություն, որ այդ երիտասարդներն ուղղորդվում են անմիջապես գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից։ Պահանջում ենք, որ այդ կապի վերաբերյալ նույնպես քննություն կատարվի եւ պարզվի՝ ինչպես են նրանք համարձակվել գալ այստեղ այդպիսի խուլիգանական արարք թույլ տալ։ Սպառնալիքները, որ եթե դուռը բաց լիներ, ապա մենք ներսում էլ նույն գործողությունները կիրականացնեինք, կամ որ Անժելա Թովմասյանը այլեւս Հայաստանում պետք է գործունեություն չծավալի եւ չգտնվի Հայաստանում։ Սրանք մենք դիտարկել ենք որպես սպառնալիք»։

Շահերի պաշտպանը նշեց նաեւ, որ «Հայելի» ակումբին պատճառվել է վնաս, գույքի վնասի վերաբերյալ նշանակվել է փորձաքննություն․ «Վնասը ոչ միայն նյութական է, այլ նաեւ բարոյական»։

Փոստանջյանը նաեւ զուգահեռներ անցկացրեց նախորդ եւ ներկայիս իշխանությունների մասով․

«Կարող ենք ասել, որ հրապարակային բռնության կոչերը գործադիր իշխանության առաջին դեմքի շուրթերից, դրանք մնացել են ՔԿ եւ իրավապահ մարմինների կողմից անուշադրության տիրույթում։ Եթե դրանց համապատասխան արձագանք չի տրվում, ապա իրենց այսպիսի մտերիմները արդեն անցնում են գործողությունների։ Իրենք շարունակում են նախորդ իշխանության գործելաոճը։ Այսինքն՝ երբ դառնում են իշխանություն, մոռանում են մարդու իրավունքների հարգանքը, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը եւ լրատվամիջոցների ազատ գործունեության սկզբունքը հարգելը։ Սա այդ մասին է խոսում, երբ չկա դատապարտում հենց գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից։ Նախորդ իշխանության ժամանակ եղել են լրատվամիջոցների անօրինական փակումներ։ Օրինակ՝ լրագրողին կարող էին քրեորեն հետապնդել, բանտարկել։ Ես ունեցել եմ պաշտպանյալներ, օրինակ՝ Գագիկ Շամշյան, Արման Բաբաջանյան։ Հիմա ուղղակի հետապնդելու մեթոդներն են փոխվել։ Իշխանությունը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցին, որն այլ կարծիք ունի։ Ժամանակին իրենք են ունեցել այդ այլ կարծիքը, եւ իրենց են փորձել լռեցնել»։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժը պարտավոր էր դատապարտել նման գործողությունը․ «Եթե դու չունես ազատ լրատվամիջոց, դու չունես հնարավորություն ազատորեն փոխանցելու քո գաղափարը, ապա դու հնարավորություն չես ունենալու կառուցել ժողովրդավար մրցունակ պետություն»։

Նա նշեց, որ իրենք դիմելու են նաեւ միջազգային կառույցներին, որովհետեւ խոսքի ազատությունն իրենց համար արժեք է։