Մալայզիայի նախկին թագավոր՝ Կելանտան նահանգի սուլթան Մուհամադ V-ի փաստաբանները կեղծ են անվանել տեղեկատվությունը, որը ներկայացրել է բրիտանական լրատվամիջոցներին միապետի նախկին կինը՝ Օքսանա Վոեվոդինան։ Այս մասին տեղեկացնում է The Straits Times թերթը՝ հղում կատարելով սինգապուրյան Eversheds Harry Elias իրավաբանական ընկերությանը, որը ներկայացնում է Մուհամադ V-ի շահերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Daily Mail պարբերականի հոդվածը կեղծ է, դրանում բերված տեղեկությունները կեղծ են»,- ասել է փաստաբան Կո Տյեն Հուան։ Նրա խոսքով՝ «տեղեկատվությունը, որը հերքում է Վոեվոդինայի հարցազրույցը, ուղղված է թերթի հասցեին»։ «Սուլթանի անունից մենք պահանջել ենք հարգել եւ չմիջամտել մասնավոր կյանքին»,- ասել է իրավաբանը՝ հաստատելով նաեւ, որ նրանց ամուսնությունը խզվել է Սինգապուրում հունիսի 22-ին։

«Միս Մոսկվա-2015»-ը, որն անցած տարվա նոյեմբերին ամուսնացավ այդ պահին գահակալող Մուհամադ V-ի հետ, բրիտանացի լրագրողներին պատմել է, որ ստիպված է եղել վաճառել ամուսնական մատանին 245 հազար դոլարով, որպեսզի ինքնուրույն վճարի կեցության եւ Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում ծանր ծննդաբերության համար։ Բայց, ինչպես ասել է փաստաբանը, ընկերությունն իրենց հաճախորդի անունից առաջարկել է Վոեվոդինային «զգալի գումար, որը թույլ է տալիս ոչ միայն լրիվ փակել բժշկական ծախսերը, այլեւ ապահովում է երկարատեւ բնակությունը»։ Բացի այդ, Կո Տյեն Հուան հերքել է, որ սուլթանը հրաժարվել է ֆինանսապես օգնել իր կնոջը ամուսնության ժամանակ։ «Նրան նվիրվել է Porsche Cayenne ավտոմեքենա, Сartier-ի թանկարժեք իրեր»,- ասել է նա։ Վոեվոդինան Daily Mail-ի հարցազրույցում նաեւ ասել է, որ Մուհամադ V-ը 2017-ին ծախսել է մի քանի միլիոն դոլար, որպեսզի նշի կնոջ 25-ամյակը իսպանական Իբիցա կղզում։

Դոնիռոստովցի աղջիկը հարսանիքից առաջ իսլամ էր ընդունել եւ ստացել նոր անուն՝ Ռիանա Օքսանա Պետրա։ Մուհամադ V-ը արքունիքի ճնշման տակ այս տարվա հունվարին հրաժարվել է գահից։ Սեպտեմբերին սուլթանի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Շաֆրիմանն ասել էր, որ նախկին թագավորը զղջում է Վոեվոդինայի հետ ամուսնանալու համար, որն ամուսնալուծությունից հետո ակտիվորեն եւ բացահայտ սկսել է պատմել նախկին ամուսնու մասին Instagram-ում։