Ես միշտ շնորհակալ եմ իմ երկրորդ հայրենիքին՝ Հայաստանին եւ հայ ազգին, որոնք ինձ հնարավորություն են տալիս պայքարել հանուն հայերի պատվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):

Նրա խոսքով, Արցախը հազարամյակներ պատկանում է հայերին, բնակեցված է հայերով. «Եթե նայում ենք հին հույն եւ հռոմեացի պատմիչներին, նրանք վկայում են այդ փաստը: Հատկապես Ստրաբոնը իր 5-րդ գրքում գրքում նշում է Արցախ անունը եւ նկարագրում այն հենց Արցախ անունով: Մարդու իրավունքը եւ միջազգային իրավունքը կիրառելի է այն պետությունների հանդեպ, որոնք կարող են այդ իրավունքները պարտադրել իրենց շահերից ելնելով: Դրա համար էլ իրենց շահերից բխում է, որ Արցախը դիտարկեն որպես վիճելի տարածք»,-ասաց նա:

Թեոխարուսը համեմատություն անցկացրեց Արցախի եւ Կիպրոսի խնդիրների միջեւ՝ նշելով. ««Մի բան է, երբ դու ներկայացնում ես այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է կամ մեկ այլ գերտերություն, ինչպիսին Ռուսաստանն է, եւ մեկ այլ բան է, երբ դու ներկայացնում ես փոքր պետություն, որի մի մասը մինչ օրս օկուպացված է, ինչպիսին իմ հայրենիք Կիպրոսն է: Արցախում հակամարտությունն սկսվեց 1980-ականների վերջին, երբ Արցախում բնակվող հայերը ոտքի կանգնեցին հանուն իրենց ազատության, անկախության եւ ինքնորոշման, ու պահանջեցին վերամիավորում մայր հայրենիքի հետ: Ադրբեջանցիները Խորհրդային զորքերի աջակցությամբ աջակցեցին հայերի ջարդեր Սումգայիթում եւ Բաքվում: Նաեւ խորհրդային բանակը միջամտեց եւ փորձեց ադրբեջանցի միլիցիոներների օգնությամբ հայաթափել Արցախը, ինչպես դա ժամանակին արեցին Նախիջեւանում:

Հայերին պարտադրվեց դիմակայել մոջահեդներին եւ թալիբներին, որոնք եկել էին այստեղ որպես վարձկաններ: Այս տարիների ընթացքում Արցախը կարողացավ դառնալ կառուցվող պետություն, հասնել ճանաչված կարգավիճակի: Մենք գիտենք, որ այսօր Արցախը ճանաչված միջազգային կարգավիճակ չունի, բայց ստեղծել է ժողովրդավարական ինստիտուտներ, ժամանակակից կառավարման համակարգ, առողջապահական, կրթական, սոցիալական, տրանսպորտային ապահովության համակարգեր: Այստեղ մարդկանց կենսամակարդակն էապես բարելավվել է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ներկայացված է նաեւ ՄԱԿ-ի կանոնդարության առաջին գլխում: Եկել է ժամանակը, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն եւ մյուս բարեկամ երկրները ճանաչեն Արցախը: Սա նաիվ մտածողություն չէ, ոչ էլ քաղաքականապես ոչ կոռեկտ մոտեցում: Ես ներկայացնում եմ սեփական փորձը, սեփական երկրի փորձը: Մենք ժամանակ չունենք եւ պետք է անցնենք նաեւ հանրաքվեի եւ ներկայացնենք մեր պատրաստակամությունը խաղաղ լուծում տալու եւ միաժամանակ պաշտպանել մեր իրավունքները մեր հողի վրա»:

Պետք է ապահովել անվտանգության եւ պաշտպանության միջավայր, վերացնել բոլոր սպառնալիքները, հաստատել մշտական խաղաղություն, հակադրվել ցանկացած ագրեսիայի դրսեւորման, ինչը համահունչ է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին: ԵՄ-ում շատերը Արցախը դիտարկում են որպես անջատողական շարժում, ինչն այդպես չէ: Արցախւ ժողովրդի պայքարը, ըստ էության, ստրուկների ապստամբություն էր իրենց ստրկացրած պետության դեմ»,- հայտարարեց նա:

Թեոխարուսը անդրադարձավ նաեւ Կիպրոսի խնդրին, նշելով, որ այն միշտ եղել է հունական տարածք. «16-րդ դարից մենք պայքարում ենք, որ միավորվենք Հունաստանի հետ: 1960-ին Հայաստանը դարձավ անկախ պետությունից, որից երեք տարի հետո Թուրքիան սկսեց մի նոր ագրեսիա, իսկ 1974-ին Թուրքիան գրավեց մեր հողերի 37 տոկոսը՝ բռնաբարելով եւ սպանելով անմեղ քաղաքացիական բնակչությանը: Ձեւավորվեց Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:

Հյուսիսային Կիպրոսը ապօրինի ներխուժման արդյունք է, պատերազմական հանցագործություն, էթնիկ զտման արդյունք: Սա մի գործողություն է, որն արգելված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Ես հպարտ եմ, որ Աստված ինձ հնարավորություն է տվել տեսնել Արցախի պատերազմը հանուն ժողովրդի ազատության»: