Հայաստանն այս տարի հյուրընկալում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը, որն անցկացվեց այսօր Երեւանում:

ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, բարձր գնահատելով հանդիպման ձեւաչափը, ողջունեց նիստի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանքային քննարկում մաղթեց:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդգծեց միգրացիոն գործընթացների համատեղ քննարկման կարեւորությունը, փորձի փոխանակման հնարավորությունը, նշեց, որ միգրացիոն մարմինների ղեկավարների հանդիպումը լավ հարթակ է ոլորտի խնդիրներին համակողմանի ու արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից:

Կողմերը ներկայացրին միգրացիոն պատկերը իրենց երկրներում, վերջին մեկ տարվա ընթացքում ազգային օրենսդրություններում կատարված ոլորտային փոփոխությունները:

Քննարկվեցին ԱՊՀ երկրների կողմից Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954թ-ի ու Քաղաքացիություն չունենալու նվազեցման մասին 1961 թ-ի կոնվենցիաներին միանալու փորձը, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց օրինականացման, այդ գործընթացի խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ հարցերը:

Հայկական կողմը ներկայացրեց փախստականների ինտեգրման պետական ծրագիրը: Ղազախստանի պատվիրակությունը ներկայացրեց երկքաղաքացիության ինստիտուտի խնդրահարույց կետերը եւ միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը այդ գործընթացում:

Միգրացիոն մարմինների ղեկավարների ուշադրության կենտրոնում էր նաեւ  Ապահով, կանոնավոր եւ օրինական միգրացիայի մասին գլոբալ հտչակագրի (2018թ-ի դեկտեմբերի 10-11, Մարաքեշ) իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ միգրացիոն ոլորտում ԱՊՀ երկրների լիազոր գերատեսչությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Կողմերը քննարկեցին նաեւ հաջորդ` 25-րդ հանդիպման վերաբերյալ աշխատանքային հարցեր: