Թուրքիայի ղեկավարությանը ՆԱՏՕ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողության եւ քրդերի կողմից պահվող «Իսլամական պետության» գրոհայինների ազատագրման վերաբերյալ իր մտահոգության մասին: Ուրբաթ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք քննարկել ենք նաեւ Սիրիայի հյուսիսում շարունակվող Թուրքիայի գործողությունը, ես հայտնեցի այդ գործողության եւ տարածաշրջանի հետագա ապակայունացման ռիսկի հետ կապված ՆԱՏՕ-ի մտահոգությունը: Չնայած Թուրքիան անվտանգության ոլորտում օրինական մտահոգություններ ունի, մենք Թուրքիային կոչ ենք անում զուսպ գործել: Մենք ընդհանուր հակառակորդ ունենք՝ ԻՊ-ն: Ներկայումս մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ բանտարկված ջիհադականները փախչելու հնարավորություն չստանան»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա միաժամանակ նշել է, որ Թուրքիան «գտնվում է անչափ պայթյունավտանգ տարածաշրջանի առաջավոր եզրում»: «ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր չի ենթարկվել այդքան մեծ թվով ահաբեկչական հարձակումների, եւ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր Սիրիայից այդքան փախստականների չի ընդունել, որքան Թուրքիան»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ մի շարք արեւմտյան երկրներ մտավախություններ էին հայտնել, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները կհանգեցնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր ուժեղացմանը: Այդ երկրների թվում են, մասնավորապես, Գերմանիան, Կանադան եւ Ֆրանսիան: Ավելին՝ Սիրիայի քրդական դեմոկրատական խորհրդի գործկոմի նախագահ Իլհամ Ահմեդը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԻՊ գրոհայինները «կարողացել են փախչել Ղամշլիի բանտից, որը գնդակոծվել է Թուրքիայի կողմից»: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին խոստացել է, որ ԻԼԻՊ-ը «Սիրիայի հյուսիս-արեւելքում չի վերածնվի», իսկ նրա գրոհայինների թվից բոլոր բանտարկյալները կմնան բանտերում»:

Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: