70 հազարից ավելի մարդիկ հարկադրված էին իրենց տները լքել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ծավալման պատճառով, ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ՀՊԾ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի զարգացման հնարավոր ազդեցությամբ եւ ուշադիր հետեւում է իրավիճակին: Բռնության ծավալման մեկնարկից սկսած՝ գրանցվել է բնակչության զանգվածային տեղահանություն: Այս պահին Հասեքե եւ Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդիկ լքել են իրենց տները»,- ասել նա:

Ֆերհուզելի խոսքով՝ ներկայումս Ղամշլի բնակավայրում ՀՊԾ դաշտային գրասենյակում շարունակում են աշխատել կազմակերպության 32 աշխատակիցներ, նրանց համար ընդունվել են անվտանգության հատուկ միջոցներ:

Ավելի վաղ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարություն էր հրապարակել, որում նախազգուշացրել էր փախստականների թվի հնարավոր աճի մասին՝ կապված Սիրիայի հյուսիսում սկսված ռազմական գործողության հետ:

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության անցկացումը սկսելուց ի վեր զոհվել է 7 խաղաղ բնակիչ, ներառյալ 2 կին եւ երեխա: Եվս մեկ երեխա վիրավորվել է:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողություն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ էր հասցրել Սիրիայի Հասեքե նահանգում Ռաս էլ Այն քաղաքին:

Ավիահարվածների էր ենթարկվել Թուրքիային սահմանամերձ սիրիական եւս մեկ քաղաք՝ Թել Աբյադը: Ավելի ուշ հայտարարվել էր գործողության ցամաքային մասի մեկնարկի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տեղեկություններով՝  «խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելուց հետո զինվորականները Սիրիայի հյուսիսում հարվածներ են հասցրել քրդական կազմավորումների 181 թիրախների վրա: