Վրաստանն ու Ուկրաինան չեն ցանկանում ընդունել իրենց դաշնայնությունը: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Նրա խոսքով՝ դժվար է ունիտար պետություն կառուցել, եթե երկիրն ըստ էության դաշնային է: Փորձագետը նկատեց, որ ամբողջականության պահպանման համար երբեմն անհրաժեշտ են դժվար լուծումներ: «Օրինակ, Ուկրաինայի իշխանությունները կարող էին հանդիպումներ անցկացնել ԴԺՀ եւ ԼԺՀ ներկայացուցիչների հետ, ինչպես դա տեղի ունեցավ չեչենական պատերազմի ժամանակ Մոսկվայում հանդիպում կազմակերպելու միջոցով»,- հստակեցրեց նա:
Ժարիխինը վստահ է, որ նախագահ Զելենսկիի քաղաքական ուղին ոչնչով չի տարբերվում Պորոշենկոյի քաղաքական ուղուց, եւ նա հույս ունի, որ Ռուսաստանի վրա Արեւմուտքի ճնշումների եւ պատժամիջոցների միջոցով Ղրիմի եւ Դոնբասի հարցը կլուծվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

«Մինսկի համաձայնագրերը փոխզիջում են ենթադրում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Զելենսկին ասում է, որ քննարկումները հնարավոր են միայն Նորմանդյան քառյակի ձեւաչափով, եւ չկա հասկացողություն, որ հարցի քննարկումը հնարավոր է միայն Ղրիմի հարցը մի կողմ դնելու դեպքում»,- նկատեց նա: