WCIT 2019-ի ոսկե հովանավոր «Taiwan Excellence»-ը մասնակցել է աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկին՝ ներկայացնելու Թայբեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան: Թայբեյի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովել են «Taiwan Excellence» և «Smart Taiwan» տաղավարները, որոնց միացել էին TAITRA-ն և CISA-ն:

Պաշտոնական միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին Smart Taiwan տաղավարում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք 1):  Միջոցառմանը ներկա էին TAITRA-ի նախագահ Ջեյմս Հուանգը, WITSA-ի փոխնախագահ Բորիս Կոմրակովը և Թայբեյի պատվիրակությունները:

TAITRA-ի նախագահ Ջեյմս Հուանգը բացման խոսքում ողջունեց բոլոր հյուրերին. «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցել WCIT 2019-ին:  TAITRA-ն շատ հպարտ է, որ հանդիսանում է թայվանական թիմի գործընկերը: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործարար համայնքների և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ամեն տարի Թայբեյում կազմակերպելով 40 խոշոր միջազգային ցուցահանդեսներ: Մեր համագործակցությունը եզակի առավելություն է տալիս ներկայացնելու մեր լավագույն արտադրանքն ամբողջ աշխարհում: Մեր տաղավարներում այցելուները կտեսնեն լավագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաները, խելացի լուծումներն ու կփորձարկեն նորագույն տեխնոլոգիաները, որոնք նախատեսված են ավելի լավ և երջանիկ կյանքի համար»:

WCIT 2019-ի երեք օրերի ընթացքում «Taiwan Excellence»-ի տաղավարում կազմակերպվել են խաղարկություններ, որոնց մասնակցել են ավելի քան 300 այցելուներ: Խաղարկությունների արդյունքում մոտ 150 մասնակիցներ ստացել են «Taiwan Excellence»-ի բրենդավորված նվերներ: 300 այցելուներից ավելի քան 110-ը լրացրել են նաև հարցաշարեր: Արդյունքում պարզվել է, որ ամենից շատ հետաքրքրություն են առաջացրել CyberLink-ի AI դեմքի ճանաչման հարթակն ու AVER-ի կոնֆերանսների համակարգը:

Թայբեյը հայտնի է տեղեկատվական և հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում հարյուրավոր այցելուների ուշադրության կենտրոնում էր ներկայացված նորարար ու մրցանակակիր արտադրանքը: Այս անգամ «Taiwan Excellence» և «Smart Taiwan» տաղավարներում ներկայացվել էր 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում էր՝ CyberLink-ի խաչաձև հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի և NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ և ամենաճշգրիտ ալգորիթմների շարքում: Մեկ այլ արտադրանք էր AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ և հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար: Ներկայացված էին նաև BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը և շատ այլ հրաշալիքներ:

Ներկայացված ինտեգրված նորարարական տեխնոլոգիական ապրանքները նախատեսված են ավելի հարմարավետ դարձնելու սպառողների կյանքը և արժանացել են «Taiwan Excellence» հեղինակավոր մրցանակին, որը  BOFT-ի և MOEA-ի նախաձեռնությունն է: Ամենամյա Taiwan Excellence մրցանակաբաշխությունն ընտրում է հետազոտության և զարգացման, դիզայնի, որակի և մարքեթինգի ոլորտներում ամենանորարար արտադրանքը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Կոնգրեսի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ թվային դարաշրջանի էվոլյուցիայի վերաբերյալ: 40 տարի շարունակ ՏՀՏ ոլորտի ղեկավարները, գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն մշակողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտի ներկան ու ապագան: WCIT 2019-ը անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը Երևանում՝ ներառելով սեսիաներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած արհեստական բանականությունից, վիրտուալ իրականությունից, խելացի քաղաքներից մինչև կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն և այլն: