ՀՀ պետբյուջեից 2020-ին ծրագրվում է մոտ 5,3 մլրդ դրամ տրամադրել հասարակությանը պետության կողմից տրամադրվող դրամական նպաստների չափի մեծացման համար: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:

Նա նաեւ հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որի համաձայն՝ 2020-ին առաջին եւ երկրորդ երեխայի համար կնախատեսվի 300 000 դրամ: Ընդ որում, փոխնախարարը հիշեցրեց, որ այսօր առաջին երեխայի համար ծնողներին հատկացվում է 50 000 դրամ, երկրորդի համար՝ 150 000 դրամ:

«Այսինքն, փաստացի կարող ենք ֆիքսել, որ առաջին երեխայի համար նպաստը կմեծանա 6 անգամ, երկրորդի համար՝ 2 անգամ»,- հստակեցրեց Սաղիյանը՝ հավելելով, որ երրորդ եւ հաջորդ նորածինների համար միաժամանակյա նպաստը կմնա անփոփոխ՝ 1 մլն երրորդ եւ չորրորդ երեխայի եւ 1,5 մլն դրամ՝ հինգերորդի համար: