86 տարեկանում մահացել է խորհրդային տիեզերագնաց օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնի մամուլի ծառայությանը։

«Այո, ցավոք, իրոք այդպես է»,- ասել է ՏՊԿ ներկայացուցիչը՝ պատասխանելով տիեզերագնացի մահվան մասին հարցին։

Ինչպես ասել են ՌԲԿ-ին ՏՊԿ մամուլի ծառայությունում, տիեզերագնացի հրաժեշտի արարողությունը եւ հուղարկավորությունը տեղի կունենան երեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ին, մերձմոսկովյան Միտիշչիի Դաշնային զինվորական գերեզմանատանը։

ՏԱՍՍ-ը, հղում կատարելով տիեզերագնացի օգնականուհուն, ճշտում է, որ տիեզերագնացը մահացել է Բուրդենկոյի անվան Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալում երկարատեւ հիվանդությունից հետո։

1965 թվականի մարտին Լեոնովը դուրս է եկել բաց տիեզերք եւ դարձել պատմության մեջ առաջին մարդը, որն արել է դա։ Տասը տարի անց՝ 1975-ի հուլիսին, նա կատարել է երկրորդ թռիչքը, որի ժամանակ մասնակցել է խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան Apollo տիեզերանավերի կցմանը։

1970-1991 թվականներին նա եղել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի ղեկավարի տեղակալը։ Պաշտոնապես թոշակի անցնելուց հետո նա համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ, օրինակ՝ եղել է Ալֆա բանկի տնօրենների խորհրդի առաջին փոխնախագահի խորհրդականը, եղել Baring Vostok ներդրումային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ։