Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում, այլ ոչ թե գյուղերում, եւ պատճառները բազմաթիվ են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։

Միեւնույն ժամանակ, փոխնախարարը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցներն իրավիճակը փոխելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում այսօրվա դրությամբ ծնելիության համար վճարների միջին մակարդակը կազմում է 15,5 տոկոսից մի փոքր ավելի, այն դեպքում, երբ գյուղական վայրերում այդ ցուցանիշն էապես բարձր է, քան քաղաքներում։ «Գյուղերում կա այն պոտենցիալը, որը նպաստում է ավելի շատ երեխաների ծնվելուն, բայց Հայաստանում իրավիճակը լիովին հակառակն է։ Մեզ մոտ  ծնելիության գործակիցը գյուղերում զգալիորեն ցածր է, քան քաղաքում։ Դա չի կարող չանհանգստացնել։ Ժողովրդագրության վրա ազդում են շատ գործոններ։ Անհնար է որոշակի գնահատականներ տալ եւ ասել, թե որն է հիմնական պատճառը, բայց այդ պատճառները մենք բոլորս գիտենք եւ կարող ենք թվարկել։ Նախ՝ դա արտագաղթն է եւ ներքին միգրացիան։ Արդյունքում՝ գյուղական վայրերում սկսում են ավելի քիչ թվով երիտասարդներ ապրել։ Նրանց հայացքն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն իր հերթին հանգեցնում է նրան, որ մանկածին տարիքի կանանց ու աղջիկների թիվը նույնպես կրճատվում է»,- ասել է Սաղիյանը։

Մյուս ոչ պակաս կարեւոր պատճառը, ինչպես նշեց պաշտոնյան, երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է, եւ գյուղական վայրերում՝ մասնավորապես։

Խնդրի լուծման համար ախատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագիր, որը թույլ կտա գյուղում ապրող ծնողին միաժամանակյա նպաստ ստանալ երեխայի խնամքի համար, անգամ եթե այդ ծնողը մինչեւ երեխայի ծնվելը չի աշխատել։ Միեւնույն ժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը կտարածվի միայն գյուղի բնակիչների վրա։ «2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելացվի։ Ամսական 18 հազար դրամի փոխարեն ծնողները կստանան 25500 դրամ»,- ասել է Սմբատ Սաղիյանը։