Աշխարհի երկրների կառավարությունները պետք է հասկանան, որ զարգացման միակ ճանապարհը խաղաղությունն ու կայունությունն են: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր Մոհամմադ Ալ Աքեյլին:

«Մենք համագործակցում ենք հայկական համայնքի հետ: Անձամբ ես նույնիսկ ներկայացրել եմ համայնքը, քանի որ խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել համայնքի կողմից»,- հայտնել է Ալ Աքեյլին: Նրա խոսքով՝ Իրաքի կրթական հաստատություններում ուսումնասիրվում է Հայոց ցեղասպանության թեման, գրվում են մագիստրոսական եւ դոկտորական ատենախոսություններ:

«Հակառակորդներին միավորում է մշակութային երկխոսությունը: Սա պետք է հիշի նաեւ Ադրբեջանը»,- նշեց նա՝ կոչ անելով հարգել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը:

«Արցախի ժողովուրդը շատ բան է վերապրել: Հավատում եմ, որ Արցախի ժողովրդի եւ նրա կառավարության կամքը, անկախ պետություն կառուցելու նրանց ձգտումը կիրականանան»,- հայտարարել է Ալ Աքեյլին՝ առաջարկելով ստեղծել Իրաքի եւ Արցախի բարեկամության ակումբ, համագործակցություն հաստատել գիտական, մշակութային, տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ ստեղծել արցախա-արաբական մշակույթի կենտրոն: