Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքները բացարձակ անթույլատրելի են: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան սիրիացի փախստականներով հեղեղելու» մասին Էրդողանի սպառնալիքները շանտաժի փորձ անվանելով, հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր գլխավոր անհանգստությունն այն է, որ իր գործողությունները կարող են հերթական մարդասիրական աղետի հանգեցնել: Մենք անընդունելի ենք համարում, երբ փախստականները որպես շանտաժի գործիք են կիրառվում: Ահա թե ինչու եմ Էրդողանի հայտարարությունը բացարձակ անտեղի համարում»,- Կիպրոս այցի ժամանակ հայտարարել է Տուսկը:   

«Հե՜յ, ԵՄ, արթնացիր: Եվս մեկ անգամ կրկնում եմ, եթե դու փորձում ես Սիրիայում մեր գործողությունները ներխուժում անվանել, ապա մեր խնդիրը պարզ է. մենք կբացենք դռները 3,6 մլն փախստականի համար»,- նախօրեին հայտարարել էր Էրդողանը:

Տուսկը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումը՝ հայտարարելով, որ դա լուրջ մտահոգություն է առաջացնում եւ պետք է դադարեցվի: Տուսկի խոսքով՝ ռազմական միջամտությունը միայն կխորացնի իրավիճակը: