Եվրամիությունը չպետք է տրվի Թուրքիայի շանտաժներին: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն՝ հավելելով, որ Անկարան պետք է դադարեցնի Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters-ը:

«ԵՄ-ը չպետք է տրվի այդ շանտաժին: Սիրիացի փախստականներին ընդունելու հարցով Թուրքիայի ջանքերը չպետք է շանտաժի գործիք դառնան ռազմական նախաձեռնության համար, որը մենք չենք կարող ընդունել, եւ որը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է Կոնտեն:

Թուրքիան, որը դեռեւս ձգտում է ԵՄ անդամ դառնալ՝ չնայած ԵՄ-ի կողմից Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ քննադատություններին, եւս մեկ անգամ քննադատության է արժանացել՝ այս անգամ Սիրիայի հյուսիս ներխուժելու հետ կապված:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել սթափվել եւ սպառնացել է, որ եթե ԵՄ-ը Թուրքիայի գործողությունները ներխուժում անվանի, ապա ինքը «կբացի դռները 3,6 մլն փախստականի համար»: