Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Աշգաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում առաջարկել է մտածել Համագործակցության տարածքում միասնական վիզային ռեժիմ մտցնելու մասին, Շենգենյան համաձայնագրի նման։

Տոկաեւի կարծիքով՝ նման մոտեցումը թույլ կտա քանիցս ավելացնել զբոսաշրջային հոսքը։ Բայց Ղազախստանի ղեկավարը մատնանշել է փորձագետների համատեղ լուրջ աշխատանքի անհրաժեշտությունը։

«Ցավոք, ազգային վիզային եւ միգրացիոն ռեժիմներում պահպանվում են զգալի տարբերություններ։ Դրանք անհարմարություններ են ստեղծում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են այցելել միանգամից ԱՊՀ մի քանի երկիր։ Ես հասկանում եմ, իհարկե, դա դժվար է, բայց, գուցե, հարկ է դիտարկել ԱՊՀ տարածքում միասնական վիզային ռեժիմ մտցնելու հարցը՝ «Համագործակցության վիզա» պայմանական անունով, ինչպես Շենգենյան համաձայնագիրն է»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Տոկաեւի խոսքերը։