Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելով Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող բնակարան, կատարել են գողություն՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Բացի այդ, նշված երիտասարդները մուտք են գործող նույն քաղաքում գործող գեղեցկության սրահ, մարզասրահ, խանութ և կատարել գործողություններ՝ պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2000թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 177 –րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ և 3-րդ կետով /3 դրվագ/, իսկ 2001թ. ծնված երիտասարդին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրված/: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Խուզարկությունների արդյունքում վերջիններիս բնակարաններում և նրանց կից օժանդակ կառույցներում հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Նախաքննությունը շարունակվում է: