Հինգշաբթի ամերիկյան Boeing կորպորացիան եւ գերմանական Porsche AG ընկերությունը հայտարարել են թռչող էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին: Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է միասնական թիմ ստեղծելու մտադրության մասին, որը «թույլ կտա տեղափոխել ավտոտրանսպորտի երթեւեկությունը օդային տարածության մեջ», հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով CNN-ին:

Հայտարարության մեջ չեն նշվել որեւէ ֆինանսական կամ տեխնիկական մանրամասներ: Միայն նշված է, որ ապագա էլեկտրամոբիլը կունենա ուղղահայաց թռիչք:

Ինչպես պարզաբանել է վաճառքների եւ մարքեթինգի պատասխանատու, Porsche ընկերության տնօրենների խորհրդի անդամ Դետլեւ ֆոն Պլատենը, խոսքը վերաբերում է երկու գլոբալ ընկերությունների ջանքերի միավորմանը պայքարելու շուկայի այն սեգմենտի համար, որն ապագայում կունենա մեծ պոտենցիալ:

Porsche-ն դեռեւս չի հնչեցրել թռչող ավտոմեքենաներ ստեղծելու ծրագրերը: Վերջին տարիներին ընկերությունը շեշտադրում է կատարել էլեկտրամոբիլների շուկայում իր տեղը զբաղեցնելու ուղղությամբ՝ առաջադրելով 22 մլն այդպիսի մեքենաներ թողարկելու խնդիրը հաջորդ տասը տարիների ընթացքում:

Այս տարի Boeing-ն արդեն հայտարարել է թռչող տաքսիի նախատիպ ստեղծելու մասին: NeXT կորպորացիայի ստորաբաժանումը թողարկել է ոչ մեծ անօդաչու թռչող սարքի տեսանյութը, որը, հեղինեկների խոսքով, կարող է հաղթահարել շուրջ 70 կմ հեռավորություն: