Toyota ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի Mirai ջրածնային սեդանի նախասերիական նախատիպը: Նախորդի հետ ավտոմեքենային կապում է միայն անվանումը եւ ուժային սարքավորման տեսակը. մնացած ամեն ինչ վերանայվել է. փոխվել է ե′ւ շասիի, ե′ւ քարշակի կառուցվածքը, ե′ւ թիրախային լսարանը, հաղորդում է Motor-ը:

Ներկայիս ջրածնային Toyota Mirai-ն հիմնված է Prius շասիի վրա, ունի առջեւի քարշակ, օրիգինալ դիզայն եւ հասցեագրված է էկոակտիվիստներին: Նոր մոդելը անցել է մոդուլային հետեւի քարշակի TNGA-N պլատֆորմին ներկայացուցչական սեդանների համար եւ ստացել Lexus-ի ոճով նորաձեւ արտաքին տեսք: Նախագծի գլխավոր ինժեները խոստանում է մոդելի ավելի դրայվերային բնույթ եւ ցանկանում է, որ գնորդներն ընտրեն  Mirai-ն ոչ միայն «ջրային» արտանետումների, այլ նաեւ մի շարք այլ արժանիքների համար:

Իր չափսերով Mirai-ն ավելի խոշոր է, քան Camry XV70-ը. երկարությունը 4975 միլիմետր է, լայնությունը՝ 1885 միլիմետր, բարձրությունը՝ 1470 միլիմետր: Անվային բազան հասել է 2918 միլիմետրի: Ինտերիերին տրված են ժամանակակից Toyota ոճին պատկանող լուծումներ. սենսորային 12.3 դույմանոց էկրան, կառավարման թվային պանել, բջջային հեռախոսի համար անլար լիցքավորման հնարավորություն, իսկ տրանսմիսիայի սովորական սելեկտորն իր տեղը զիջել է ջոյսթիկին: