Facebook-ում Libra թոքենով զբաղվող մարդիկ շատ համարձակ քայլի են դիմել՝ այս թեման հրապարակային քննարկման դնելով: Bitcoin Suisse AG-ի գլխավոր տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Արթուր Վայլոյանն այս մասին ասել է FinTech-ի եւ կրիպտոարժույթների հարցերով փորձագետ Հենրի Արսլանյանի հետ հարցազրույցում՝ կատարված NEWS.am-ի համար:

«Մենք տեղյակ ենք, թե Facebook-ն ինչպիսին է, երբ բանը հասնում է գաղտնիության հարցերին: Եվ այս ենթատեքստում, իհարկե, ինչ-որ, գերթե ինտիմ բան բացելը, այնպիսի թեմա, ինչպես փողի, կրիպտոակտիվների թեման է, ամենահամարձակ քայլն է: Կարծում եմ, որ սա արժանի է ծափահարության»,- ասել է նա Երեւանում ընթացող WCIT 2019 համաժողովի ժամանակ տված հարցազրույցում:

Նրա պարզաբանմամբ՝ արժեքների փոխանակման, փողի փոխանակման հայեցակարգը Libra-ի պատմության մեջ վերջապես դուրս է բերվել առաջին պլան: Վայլոյանը, սակայն, չի կարծում, որ Libra-ն կրիպտոակտիվ է: Նրա կարծիքով՝ այս իմաստով լավագույն օրինակը Բիթքոինն է, որն «ինքն իրեն սնում է սեփական արժույթով»: «Այսպիսով, ովքեր ասում են, որ Բիթքոինը վատն է, իսկ բլոքչեյնը՝ լավը, մոլորվում են»,- հավելել է նա:

WCIT 2019-ն ընդունած Հայաստանին առնչվող հարցին Վայլոյանը պատասխանել է, որ «այստեղ իրեն զգում է ինչպես տանը»:

«Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը: Հայաստանին շնորհավորում եմ, որ հասել է այս պահին: Գիտեմ, որ մեծ թվով մարդիկ շատ քրտնաջան աշխատել են այս նպատակին հասնելու համար, եւ սա շատ նպատակներից մեկն է, որոնց դուք կհասնեք, եւ ես դրանով հպարտանում եմ»,- ասել է նա: