Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ կարգելվի մորթուց պատրաստված իրերի արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաեւ կրկեսում կենդանիների ելույթը, հաղորդում է Associated  Press-ը:

Համաձայն ընդունված օրենքներից մեկի՝ 2023 թվականից սկսած՝ նահանգում կարգելվի մորթուց պատրաստված հագուստի, կոշիկի եւ պայուսակների արտադրությունն ու վաճառքը

Այդ օրենքը ոգեշնչել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն հանգեցրել է մորթի արտադրող խոշոր ամերիկյան ընկերությունների մոլի դիմադրությանը, իսկ Ամերիկայի՝ մորթիների մասին տեղեկատվության խորհուրդը սպառնացել է դատական հայց ներկայացնել նահանգի դեմ:

Նշվում է, որ ընդունված օրենքը չի առնչվի արդեն իսկ ձեռքբերված մորթյա իրերին կամ այն իրերին, որոնք կիրառվում են կրոնական կամ էթնիկ ավանդույթների շրջանակում: Բացի այդ, ընդունված օրենքը չի վերաբերի բնական կաշվից, շների, կատուների, եղջերուների, ոչխարների մորթուց պատրաստված իրերին:

Մորթու այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Versace-ն, Gucci-ն եւ Giorgio Armani-ն, արդեն հրաժարվել են բնական մորթուց մոդելների արտադրությունից:

Ըստ ընդունված օրենքի՝ դրա խախտողները ստիպված կլինեն վճարել տուգանք մինչեւ 1000 դոլարի չափով:

Բացի այդ, Կալիֆոռնիան կմիանա Նյու Ջերսի եւ Հավայի նահանգներին, որոնք նույնպես ընդունել են կրկեսում կենդանիների ելույթի դեմ օրենքներ: Ընդ որում՝ օրենքով չեն կարգավորվում կրկեսային շների, կատուների եւ ձիերի, ինչպես նաեւ ռոդեոյի ցլերի ելույթները:

Նշվում է, որ ընդունված օրենքի արդյունքում այս տարի Կալիֆոռնիայում ելույթ չի ունենա առնվազն երկու կրկեսային կոլեկտիվ, որոնց ծրագրերում կան կենդանիների հետ համարներ: