Կիրակի Իվակի քաղաքի (Ֆուկուսիմա նահանգ) տարեց բնակչուհին վայր է ընկել փրկարար ծառայությունների ուղղաթիռից, որոնք իրականացնում էին «Հագիբիս» թայֆունից տուժածների տարհանումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին:

Նշվում է, որ 70-ամյա կինը վայր է ընկել ուղղաթիռից, երբ այն գտնվում էր 40 մետր բարձրության վրա: Կինը «սրտի եւ թոքերի կանգի» վիճակում (Ճապոնիայում այդպես են անվանում կլինիկական մահը, որն ախտորոշելու իրավունք ունեն միայն բժիշկները, ոչ թե փրկարարները) տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհվել է 19 մարդ: Եւս առնվազն 16 մարդ համարվում է անհետ կորած եւ շուրջ 150 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ճապոնիայում շարունակվում են որոնողա-փրկարարական գործողությունները եւ թայֆունի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները, որոնցում, բացի արտակարգ ծառայություններից, ներգրավված են երկրի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները: Մասնավորապես, ճապոնական բանակի ստորաբաժանումները ներգրավված են Նագանո եւ Սայթամա նահանգներում, որտեղ տեղի են ունեցել խոշոր ջրհեղեղներ գետերի վարանման պատճառով: Տեղաբնակները ստիպված են օգնության սպասել իրենց տների տանիքներին, որտեղից նրանց տարհանում են ուղղաթիռների միջոցով:

Ճապոնիան շարունակում են վերականգնվել տրանսպորտային կոլափսից հետո, որն առաջացել էր տարերքի հետեւանքով: Մայրաքաղաքի Հանեդա եւ Նարիտա օդանավակայանների աշխատանքը վերականգնված է, սակայն երկաթուղային հաղորդակցությունը, ներառյալ՝ Տոկիոյում գնացքների երթեւեկությունը, դեռեւս սահմանափակ է: Տեղի իշխանությունները խոստանում են կարգավորել իրավիճակը կիրակի օրվա ընթաքում: