Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:

Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել:

Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:

Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»,-նշել է նա: