Արարատի մարզի Գեղանիստ համայնքում հոկտեմբերի 11-ին 34-ամյա համագյուղացու կողմից սպանված 31-ամյա Սամվել Կարապետյանը անապահով ընտանիքից էր, ամուսնացած չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

«Սովորական աշխատող, գյուղում հարգված ընտանիքից էր Սամվելը, ամուսնացած չէր, եղբայր ունի, մայրն էլ անկողնային հիվանդ է: Ընտանիքը սոցիալապես անապահով, հայրն էլ երաժիշտ է, բայց բանջարեղենի վերավաճառքով էր զբաղվում, որ ընտանիքը պահի: Չգիտենք` ինչն է եղել վեճի ու նման դժբախտ դեպքի պատճառը, չենք լսել, որ նրանք իրար հետ խնդիր ունենային»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Նա նշեց, որ համագյուղացուն սպանած 34-ամյա Արսեն Համբարձումյանն էլ ամուսնացած էր, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա: Նրա հայրը մահացած է, իսկ մայրն արտերկրում է բուժման նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 11-ին հրազենի գործադրմամբ սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանը «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմոռագիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերվել են: