Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի մոտ։ Նրանք դեմ են արտահայտվում ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելուն։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց՝  ակնկալում են, որ տեղափոխման հարցը կկասեցվի եւ վարչապետն իրենց կընդունի առկա խնդիրները լուծելու համար։

“Քյավառցին ո՞նց հասնի Երեւան»,–կատակեց Գավառ քաղաքից մի ավտոներկրող։

Ավտոներկրողները որոշեցին փակել Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի ճանապարհը։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանից եւ Ճապոնիայից արտահանված եւ հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձեւակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։