Ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու որոշման դեմ բողոքող ավտոներկրողներից մի քանիսը գնացին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կապ էր հաստատել  ավտոներկրողների բողոքի ակցիան համակարգող, Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ եւ հրավիրել իր աշխատասենյակ՝ ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու որոշման կասեցման՝ ավտոներկրողների պահանջը քննարկելու համար։

Ավտոներկրողների մյուս մասը, սակայն, շարունակում է ակցիան Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի մոտ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանից եւ Ճապոնիայից արտահանված եւ հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձեւակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։