Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Դա կլինի վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը Հայաստան: Նա ստանձնել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեբերի 8-ին:

«Պարոն Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաեւ խորհրդարանի փոխխոսնակը»,- Sputnik-Արմենիա գործակալությունը մեջբերել է Մկոյանի խոսքերը:

Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Վրաստանի վարչապետը Երեւանից կուղեւորվի Թուրքիա:

Գախարիան ընդհանուր առմամբ երկու անգամ այցելել է Երեւան որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար 2017 թվականի հունիսին եւ որպես ՆԳ նախարար 2018-ի փետրվարին:

Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսի 17-ին: Երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում: Առավել ինտեսիվ համագործակցությունը առեւտրի ոլորտում է: Երկրների միջեւ գործում է ազատ առեւտրի ռեժիմ, եւ Հայաստանը համարվում է Վրաստանի հիմնական տասն առեւտրային գործընկերներից մեկը: