Ավտոներկրողների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ ավարտվել է։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը NEWS.am-ին պատմեց, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որեւէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել, գրավոր պահանջների շուրջ քննարկում ունենալ։

Նրա փոխանցմամբ՝ Արման Սարգսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունը ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու հետ կապված. «Հոկտեմբերի 14-ից տեղափոխվում է մաքսատունը հին շենք, որը չի հասցնելու 7 մարզերի բնակիչներին սպասարկել եւ պայթյունավտանգ իրավիճակ է առաջանալու»։ 

Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է՝ ներկայացվել են նաեւ ոլորտում իրենց հուզող մյուս խնդիրները եւս. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին է ներկայացվել Փոթիի նավահանգստում առաջացած խնդիրը, մասնավորապես, որ  հայկական մենքենաները չեն բեռնաթափում, տուգանում են ՀՀ քաղաքացիներին, գույքը առգրավվում են։

Առաջարկել ենք, որ աջ ղեկով մեքենաներին թույլ տան ղեկը Հայաստանում փոխել, ոչ թե Վրաստանում կանգնենք հերթերի եւ հազարավոր դոլարներ ծախսենք։

Խոսել ենք նաեւ, որ մեծ թվով մեքենաների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջանալու մեքենաների ներկրման ԵԱՏՄ դրույքաչափերի հետ կապված»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանից եւ Ճապոնիայից արտահանված եւ հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձեւակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատանը։

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։ Այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել;