Այս տարի խաղողի բերքը շատ քիչ է եղել, մենք գրեթե խաղող չենք ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

«Բոլորին խաղողն անհրաժեշտ է եղել, բոլորը խաղող էին ուզում մթերել, իսկ կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էր եւ աբսուրդ։ Աննախադեպ էր բերքի քչությունը միայն եւ հին ավանդույթների շարունակությունը, այն է՝ ուռճացված թվեր ներկայացնելը»,–նշեց նա։

Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս տարի ունեցել ենք 40-55 տոկոս պակաս բերք նախորդ տարվա համեմատ. «Մենք դեռ խաղողի բերքահավաքից 15 օր առաջ ասում էինք, որ անցյալ տարվա թվի համեմատ այս տարի 40 տոկոսով պակաս բերք ենք ունենալու, այդ ցուցանիշը որոշ տեղերում նույնիսկ 50-55 տոկոսի է հասնում»։

Բերքի քչությունը, նրա համոզմամբ,  կապված էր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների հետ.  «Տարին անոմալ էր, ունենք գլոբալ տաքացման խնդիր, օդի հարաբերական խոնավությունը տատանվում է, այս տարի էլ երաշտային տարի էր Արարատյան դաշտավայրում՝ 21 օր տեղումներ չեղան, կառավարությունն էլ  հողօգտագործողներին փոխհատուցում տրամադրելու մասին չհայտարարեց, ծածկադմփոց անելով շարունակեցին, մինչդեռ պարտավոր էին երաշտային տարի հայտարարել»։ 

Արտակ Սարգսյանը կարծում է՝ խաղողի մթերման թվերն ուռճացվել են, որպեսզի օրինականացնեն անորակ եւ անօրինական սպիրտը. «Պիտի ասեն այսքան խաղող եմ ընդունել, այսքան սպիրտ է ստացվել, սարքել եմ կոնյակ, վաճառել եմ, ուրիշ բացատրություն չկա»։

Նա շեշտում է՝ այսօր խաղողագործի մասին մտածող չկա, տնտեսական բումի մասին խոսել չի կարելի, «իսկ խաղողագործությունը ոչնչացնելով՝ հասկանալի չէ, թե ուր ենք գնում»։

Խաղողագործների միության նախագահը նաեւ նկատում է՝ եթե օրինակ գինեգործության եւ խաղողագործության «կենտրոն» համարվող Աղավնաձորում բնակիչները բողոքում են, որ խաղողի մթերման խնդիրներ կան, ապա գինեգործության զարգացման մասին եւս խոսել չի կարելի։

Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիշարժան է, որ այս տարի արդեն խաղողի մթերման եզրափակիչ փուլն է ու ոչ մի աղմուկ, աղաղակ չկա։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող,  որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։