Լեհաստանում Յարոսլավ Կաչինսկիի «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը կստանա տեղերի կեսից ավելին երկրի նոր սեյմում՝ ըստ Ipsos սոցիոլոգիական լաբորատորիայի անցկացրած exit-poll-ի տվյալների, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Սոցիոլոգների տվյալներով՝ ընտրություններում առաջատարն է Լեհաստանում Յարոսլավ Կաչինսկիի «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը՝ ընտրողների ձայների 43.6 տոկոսով, ինչը տալիս է այդ կուսակցությանը 239 տեղ սեյմում: Ընդդիմադիր ուժերի միավորումը՝ «Քաղաքացիական կոալիցիան» զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել 130 մանդատ սեյմում:

Ըստ exit poll-ի տվյալների՝ խորհրդարանում կհայտնվեն նաեւ «Դեմոկրատական ձախերի միությունը» ձայների 11.9 տոկոսով՝ 43 տեղ, «Լեհական գյուղացիական կուսակցությունը» ձայների 9.6 տոկոսով՝ 34 տեղ, եվրասկեպտիկների եւ նացիոնալիստների «Կոնֆեդերացիա» միավորումը ձայների 6.4 տոկոսով՝ 13 տեղ:

Խորհրդարանում չեն լինի «Աջերը», «Խաբված կենսաթոշակառուները», «Անկուսակցականներն ու ինքնավարները», ինչպես նաեւ ռոք երաժիշտ Պյոտր Լիրոյի «Արդյունավետները»: