Կոտայքի մարզում, հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհի «Օջախ» ռեստորանային համալիրի դիմաց Բալահովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AԼ 037 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Սարգիս Սարգսյանին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Ոստիկանները իրենց հսկողության տակ էին վերցրել Mercedes-ի վարորդին, որպեսզի կոնֆլիկտ՝ նրա և մահացած հարազատների միջև տեղի չունենա:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը իր ընկերոջ հետ «Օջախ» ռեստորանային համալիրում մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը և «Օջախ»-ից դուրս գալով՝ փողոցում վրաերթի է ենթարկվել, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ էլ ասում էր, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են մահացածն ու նրա ընկերը անցնում փողոցը ու ինքը մի կերպ փախցրել է ավտոմեքենան, սակայն Mercedes–ը չի կարողացել ու տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: