Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին: Այս մասին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարբեր խոսակցություններ են պտտվում, սակայն մենք կարծում ենք, որ Քոբանիի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ռուսաստանը դրական է վերաբերվում այդ հարցին»,- պնդել է Թուրքիայի նախագահը:

Նա հավելել է, որ «Թուրքիայի զինված ուժերը այսպես կոչված սիրիական ազատագրական բանակի զինյալների համար կապահովեն անվտանգ մուտքը Մանբիջ քաղաք, որը գտնվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի վերահսկողության տակ»:

«Մանբիջի հարցով մենք համաձայնագիր ունեինք ԱՄՆ-ի հետ, ըստ որի՝ 90 օրվա ընթացքում պետք է դուրս բերվեին ահաբեկիչները: Այժմ մենք իրականացնում ենք մեր սեփական որոշումը: Մանբիջը պետք է ազատագրվի գրոհայիններից: Այնտեղ կլինեն Մանբիջի իրական տերերը՝ մեր արաբ եղբայրները: Մենք կփորձենք ապահովել նրանց անվտանգությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան դրական է գնահատում ԱՄՆ-ի որոշումը՝ կապված Սիրիայի հարավ զորքերի տեղափոխման հետ: «ԱՄՆ-ը հավատարիմ է մնում զորքերը դուրս բերելու իր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ դա դրական քայլ է»,- ասել է նա: