Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօրվանից արձակուրդում է և  չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14–ին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Վերջինիս ենթադրությամբ՝  Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է գտնվելու արձակուրդում։

Նշենք, որ աշխատակարգային նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել։

Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, թեև ըստ նրա՝ նիստի օրվա և ժամի մասին ծանուցված են բոլոր անդամները։

ՍԴ անդամը նշեց, որ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ դիմումը վարույթ ընդունել–չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր առավոտից աշխատակարգային նիստ է անցկացնում. օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝  կամ մերժում է տվյալ դիմումը, կամ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝  դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։