Վայլե քաղաքի թանգարանի հնագետ Կասպեր Թերփ Հեգսբերգը քաղաքամերձ անտառում հայտնաբերել է միջնադարյան 1000 արծաթե եւ պղնձե դրամներ, որոնք Դանիայի հարավ-արեւելքում երբեւէ գտնված ամենամեծ գանձն են, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով The History Blog-ին։

Հետազոտողների կարծիքով՝ այն նոր լույս կսփռի այս շրջանում առեւտրի պատմության վրա։ Գանձը գտնվել է այն տեղանքում, որտեղ երկու տարի առաջ մի քանի մետաղադրամներ էին հայտնաբերվել։

Գանձը գտնողները դրանք հանձնել են Վայլեի թանգարան։ Հնագետ Կասպեր Հեգսբերգը որոշել է հետազոտել այս տարածքը մետաղորսիչի օգնությամբ։ Նա բավական արագ գտավ առաջին իսկ մետաղադրամը, որը գտնվում էր ոչ մեծ խորության վրա։ Հետո մետաղորսիչը սկսեց ազդանշանել նորից ու նորից, եւ Կասպերը սկսեց մետաղադրամը մետաղադրամի հետեւից գտնել։

«Նման գանձ կարելի է գտնել կյանքում միայն մեկ անգամ, կարծում եմ, սա այլեւս չի կրկնվի հնագետի իմ կարիերայում,- ասում է Հեգսբերգը։- Ես կարծում էի, թե կգտնեմ կորած քսակ ճանապարհին, 20 հատ մետաղադրամով։ Բայց արդյունքում՝ հարյուրավոր մետաղադրամներ գտա»։

Գտածոն այնքան մեծ էր, որ Հեգսբերգը օգնության կանչեց գործընկերոջը։ Նրանք միասին փորեցին մի մեծ կտոր բնահող եւ այն ուղարկեցին հետազոտության Վայլեի Բնության պահպանության կենտրոն։

Նրանք գտան նաեւ խեցեգործության եւ գործվածքի կտորներ, որոնց կպել էին մետաղադրամները։ Պարզվեց, որ այդպես էլ փորվել է գանձը։ Ինչ-որ մեկը մետաղադրամները փաթաթել էր գործվածքի մեջ, իսկ հետո դրել կավե կճուճում ու թաղել։

Ի դեպ, կճուճում հայտնաբերվել է մոտ 200 մետաղադրամ, իսկ դեպի այն տանող ճանապարհին՝ եւս 803 մետաղադրամ։ Դրանց 80 տոկոսը արծաթե է, մնացածը՝ պղնձե։

Մետաղադրամների մեծ մասը հատվել է Գերմանիայի Հանզեի միության քաղաքներում մոտ 1400 թվականին։ Կան նաեւ մի քանի տասնյակ մետաղադրամներ, դրանցից մեկը թվագրված է 1424 թվականով։ Դա գանձի «ամենաերիտասարդ» մետաղադրամն է։ Հավանաբար, մոտավորապես այդ ժամանակ էլ գանձերը թաքցվել են։

Հետազոտողները հաշվարկել են, որ 600 տարի առաջ գտնված փողերով կարելի էր գնել 10 կով։ Այդ գումարը կբավականացներ նաեւ ֆերմերի ընտանիքը ավելի քան մեկ տարի կերակրելու համար։

XV դարի առաջին կեսին Էրիկ Պոմերանցին Դանիայի կառավարիչն էր, որի եւ Հյուսիսային Գերմանիայի Հանզեի քաղաքների միջեւ հաճախ հակամարտություններ էին լինում։ Դրանց մի մասը հետագայում վերաճել է լայնածավալ պատերազմների։

Չնայած դրան՝ Հանզեի միությունը մնում էր Դանիայի գլխավոր առեւտրային գործընկերն իր գոյության ողջ ընթացքում։ Ըստ երեւույթին, դրանով է բացատրվում գտածոյում գերմանական  մետաղադրամների մեծ քանակությունը։