Պատմության իմացությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամենաուժեղ կողմը չէ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում։

Մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը «ֆաշիզմի հերոսացման» առիթով՝ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հետ կապված, ԱԳՆ մամուլի քարտուղարը մի քանի թվեր է նշել։

«Նախորդ ճեպազրույցներից մեկում ես արդեն ասել եմ, որ Հայրենական մեծ պատերազմում 600 հազար մարդ կռվել է նացիզմի դեմ։ 300 հազարը զոհվել է։ Հայ ժողովուրդը 150 հերոս, 80 գեներալ, 6 մարշալ է տվել։ Այս թվերը վկայում են հայ ժողովրդի ավանդի մասին ընդհանուր պայքարում։ Եվ դա այն է, ինչով մենք հպարտանում ենք։ Բայց մենք նաեւ գոյապայքար ենք մղել թուրքերի դեմ, եւ հարգում ենք բոլոր հերոսներին»,- ասել է Աննա Նաղդալյանը։

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը դեմ է նացիզմին եւ այլատյացությանը, քանի որ անձնական փորձով գիտի, թե ինչ հետեւանքներով են հղի այդ երեւույթները։

«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի կշտամբանքներին պատմության վերանայման առումով, պատմությունն ընդհանրապես նրա ամենաուժեղ կողմը չէ»,- շարունակել է Աննա Նաղդալյանը։ «Ի պատասխան ուզում եմ կոչ անել վերանայելու վերաբերմունքը հանցագործ ռամիլ սաֆարովի հերոսացման եւ նման հանցագործությունների խրախուսման հանդեպ»։