Մեզ շրջապատող միջավայրում այսօր տեղի են ունենում դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են փոխել մեր տարածաշրջանի առնվազն քաղաքական աշխարհագրությունը. պարտավոր ենք այս գործընթացում օբյեկտից վերածվել սուբյեկտի, այլապես մեզ հետ կվարվեն այնպես, ինչպես այս օրերին վարվում են սուբյեկտայնություն չունեցող ժողովուրդների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Գրառման, մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրիայում եւ Սիրայի շուրջ այս օրերին տեղի ունեցող զարգացումները պարունակում են միանգամից մի քանի շերտեր՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, մարդասիրական եւ այլն: Սիրիայում աշխարհաքաղաքական հարաբերակցությունը փոխվում/խախտվում է: ԱՄՆ-ը ըստ էության հեռանում է Սիրիայից՝ թատերաբեմը թողնելով տարածաշրջանային մյուս խաղացողներին՝ Իրանին, Թուրքիային եւ Ռուսաստանին: Հենց այս օրերին Սիրիայում ձեւավորվում է այս խաղացողների մասնակցությամբ նոր ստատուս քվո, որը որոշակի հավականությամբ կարող է երկարաժամկետ գոյություն եւ հետեւանքներ ունենալ: Մեր մեծ տարածաշրջանից ԱՄՆ-ի թեկուզ ժամանակավոր ու առերեւույթ հեռացումը կարող է նշանակել նաեւ մյուս կնճռոտ հարցերից ու հակամարտություններից Միացյալ Նահանգների դուրս մղում: Մեզ համար, բնականաբար, առաջնայինը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, որից ԱՄՆ-ի հեռացումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ մեզ համար: Ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացն ավելի քան երկու տասնամյակ ավելի կամ պակաս չափով գոյատեւել է աշխարհաքաղաքական բեւեռների հակակշռման ու փոխզսպման շնորհիվ, ինչը փաստորեն, առաջիկայում կարող է խախտվել: Սա լրջագույն մարտահրավեր է մեր դիվանագիտության համար՝ ինչպես դեսպանական կորպուսի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության համար: Մենք փաստորեն հնարավոր է՝ առաջիկայում ստիպված լինենք ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացը տեղափոխել միանգամայն այլ անվտնագային միջավայր՝ դրանից բխող բոլոր ռիսկերով ու հետեւանքներով: Տարածաշրջանային նոր միջավայրում մենք ունենք դե յուրե ռազմավարական դաշանկից՝ ի դեմս Ռուսաստանի, սակայն վերջինս ցանկացած պահի կարող է զոհաբերել մեր շահերը, ինչի պատմական նախադեպերը, ցավոք մենք ունենք: Հետեւաբար գործակցելով Ռուսաստանի հետ մենք միեւնույն ժամանակ պարտավոր ենք ինտնեսիվորեն աշխատել նաեւ այլ ուղղություններով՝ առաջին հերթին էլ ավելի սերտացնելով Իրանի հետ մեր հարաբերություններն այնպես, որ դրանք չվնասեն Արմեւմուտքի հետ հարաբերություններին: Առաջիկայում Հայաստանի գերխնդիրը պետք է լինի անել առավելագույնը հերթական անգամ ռուս-թուրքական մերձեցման զոհը չդառնալու համար: Խաղի արժեքը շատ բարձր է եւ դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը:

Հետեւաբար մեր խնդիրը պետք է լինի անել առավելագույնը տարածաշրջանում շահերի հավասրակշռությունը պահպանելու, դրան ամեն կերպ նպաստելու համար: Դա է պահանջում մեր պետական, ազգային շահը, որը ինչ-որ իմաստով նաեւ մեր պետության ներկայիս առաքելությունն է: Այդ առաքելությունը պետք է ձեւակերպվի որպես դիվանագիտական, արտաքին քաղաքական աշխատանք, որը պետք է կատարեն աշխահում սփռված մեր դեսպանները, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները, հայկական լոբբիստական կառույցները:

Միակենտրոն տարածաշրջանը հղի է մեզ համար կործանարար հետեւանքներով, հետեւաբար մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում թույլ չտանք այդպիսի պատկերի ձեւավորրումը:

Մեզ շրջապատող միջավայրում այսօր տեղի են ունենում դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են փոխել մեր տարածաշրջանի առնվազն քաղաքական աշխարհագրությունը: Մենք պարտավոր ենք այս գործընթացում օբյեկտից վերածվել սուբյեկտի, այլապես մեզ հետ կվարվեն այնպես, ինչպես այս օրերին վարվում են սուբյեկտայնություն չունեցող ժողովուրդների հետ»։