Ներդրումները, այո ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում, չի կարող ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներում 17 տոկոս ներդրում եւ դա համարվել բավարար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեր բոլոր քայլերը նպատակ ունեն բարձրացնել բիզնես անելու գրավչությունը եւ որպես հետեւանք ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք նախորդ տարիներին:

Մենք նաեւ չենք համարում, որ 7 տոկոս տնտեսական աճը այն աճն է, որ ՀՀ տնտեսությանը կարող է բնորոշ լինել: Մենք առնվազն ՀՆԱ 23-25 տոկոսի ներդրումներ պետք է ունենանք, որ երաշխավորենք 8 տոկոսից բարձր տնտեսական աճ: Իսկ 8-10 տոկոս աճ ապահովելու համար ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ 28-30 տոկոսը: Դրա համար պետք է ենթակառուցվածքները լինեն ավելի որակյալ, վարչարարությունը պետք է լինի ավելի պարզ, եկամտային հարկի դրույքաչափերը պետք է իջեցվեն,-ընդգծեց նախարարը: