Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն ակնառու կերպով ցույց է տալիս նրա իրական մտադրությունները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Ալիեւը փախստականների հետ հանդիպմանը խոստացել էր «Ղարաբաղն ազատագրելուց հետո քաղաքներ կառուցել» եւ որպես «հաջող» օրինակ նշել Շիխարխ գյուղի վերականգնումը:   

«Եթե որեւէ մեկը չգիտի, դա հայկական Մարաղա բնակավայրն է: Ադրբեջանի նախագահը հիշատակում է 5 հազար բնակչությամբ երբեմնի ծաղկող հայկական գյուղը: Բնակչությունը ոչնչացվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ գյուղը գտնվում է օկուպացիայի ներքո: Այժմ նա հայտարարում է, որ գյուղը կառուցվել է եւ բնակեցվել: Եվ այդ հայտարարությունն արվում է ադրբեջանական մոտեցման համատեքստում եւ ներկայացվում որպես լուծման լավագույն տարբերակ: Եվ դա ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Արցախն առանց բնիկ բնակչության: Նման հայտարարությունը ցույց է տալիս Ալիեւի իրական մտադրությունները, որն է՝ սեփական ժողովրդին նախապատրաստել ոչ թե խաղաղությանը, այլ բռնությանը»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ հայկական կողմի առաջնահերթություններից է Արցախի բնակիչների ֆիզիկական անվտանգության ապահովումը: «Հայաստանն ու հայ ժողովուրդը թույլ չեն տա բարբարոսության եւ ցեղասպանության կրկնություն»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Մեկնաբանելով այն, որ Ալիեւը համառորեն չի ցանկանում արցախցիներին ժողովուրդ անվանել, ԱԳՆ մամուլի քարտուղարը նկատեց, որ փաստն այն է, որ ինքնորոշման մասին որոշումն ընդունվել է ճնշող մեծամասնության կողմից:

Միեւնույն ժամանակ, Աննա Նաղդալյանը նկատեց, որ ի պատասխան ՀՀ վարչապետի այն առաջարկի, որ կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, հակառակ կողմը հայտարարություն է անում, որով Մարաղայի խաղաղ բնակչության կոտորածը ներկայացնում է որպես ադրբեջանցի փախստականների բարգավաճման մեխանիզմ:

«Այդ հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, որ մեր առաջնահերթությունը՝ Արցախի անվտանգության ապահովումը, մնում է օրակարգում: Հայաստանն ու հայ ժողովուրդը նոր բարբարոսություն եւ ցեղասպանություն թույլ չեն տա»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը: