Իսպանիայում ցուլը պոզահարել է այն տորեադորի աճուկը եւ ազդրը, որը հանդիպում է իսպանական թագավորի զարմուհու հետ, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով 20 minutos-ին։

Շաբաթ օրը 27-ամյա տորեադոր Գոնսալո Կաբալյերոն Իսպանիայի Ազգային օրվա կապակցությամբ ելույթ էր ունենում մադրիդյան «Լաս Վենտաս» արենայում։ Իսպանացին սրով սեղմել է ցլի վզին, եւ կատաղած կենդանին նրան պատասխաել է՝ պոզահարելով ոտքը եւ վերեւ շպրտելով։ Երբ Կաբալյերոն ընկել է, ցուլը պոզահարել է նրա աճուկը՝ ծակելով ազդրային երակը։

Այս ամենը տեղի է ունեցել Կաբալյերոյի սիրած աղջկա՝ Խուան Կառլոս I թագավորի զարմուհի, 19-ամյա Վիկտորյա Ֆեդերիկայի աչքի առջեւ։ Աղջիկը գահի համար հերթում հինգերորդ տեղն է զբաղեցնում։

Վիրավոր տորեադորին անհապաղ արենային կից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան երկու ժամ վիրահատել են։ Ամբոխը պահանջել է, որ իսպանացուն արիության համար պարգեւատրեն ցլի կտրված ականջով։ Մեկ այլ տորեադոր կտրել է ցլի ականջը, եւ այն տարել են հիվանդանոց՝ Կաբալյերոյին։ Ավելի ուշ տորեադորին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հաղորդվում է, որ նա վերջերս է վերականգնվել նախկինում դարձյալ աճուկին ստացած հարվածից հետո։