Տարբեր տեսակ արտադրանքների, ներառյալ սննդամթերքի գների միաժամանակյա եւ կտրուկ անկումը տնտեսական մրցակցության կանոնների ապահովման տեսակետից խիստ խախտում է։

Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։ Նման քայլերը, փորձագետի խոսքերով, խոչընոտում են կամ ընդհանրապես արգելափակում են շուկայում նոր տնտեսական սուբյեկտների հայտնվելը։ «Եթե գները շուկայում ցածր են, ապա նոր տնտեսական սուբյեկտներ այնտեղ հայտնվել պարզապես չեն կարող, քանի որ նրանց տվյալ շուկան չի կարող հետաքրքիր լինել»,- պարզաբանեց Պարսյանը՝ բերելով մի շարք օրինակներ, հիշեցնելով շաքարի ներկրման հետ կապված իրավիճակը։

Գների անկումը, ինչպես համարում է փորձագետը, կարող է կապված լինել ազգային արժույթի՝ դրամի ամրապնդման, նրա 3 տոկոսով թանկացման, շուկայում նոր խոշոր խաղացողի հայտնվելու եւ շուկայում մենաշնորհ ունեցող մի շարք տնտեսական սուբյեկտների հնարավոր պայմանավորվածության հետ։ Այն հարցին, թե ինչպես կարող է երկարատեւ հեռանկարում քաղաքացիների բարեկեցության վրա ազդել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների անկումը, փորձագետը տվեց բավական ոչ բարենպաստ կանխատեսում․ «Դա անառողջ երեւույթ է տնտեսության եւ բիզնեսի տեսակետից»։

Ձեռներեցների տեսանկյունից դա շատ լուրջ խնդիր է, որն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում․․․ 2008թ․ Հայաստանում գրանցվել էր ձվի գների կտրուկ անկում։ Այն ժամանակ մեկ ձուն կարելի էր գնել 10-15 դրամով։ Այո, սովորական սպառողների համար դա կարճաժամկետ հեռանկարում լավ է։ Սակայն արդյունքում սնանկացան բազմաթիվ փոքր գործարարներ եւ երկու-երեք ամիս անց ձվի գները կրկին կտրուկ աճեցին։

«Այժմ մենք ձուն գնում ենք 70 դրամով։ Ուրեմն, արդյոք ավելի լավ չէ՞ր, որ ձուն մեզ մոտ արժենար 40-50 դրամ, սակայն այդ գները պահպանվեին ոչ թե երկու-երեք ամիս, այլ ավելի երկար ժամանակ։ Չէ՞ որ դա շահավետ է»,- պարզաբանեց Պարսյանը։