Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի հայցն ընդդեմ Նորաշեն համայնքի ավագանու և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նորայր Գրիգորյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Վարչական դատարանում վիճարկում ենք ավագանու արձանագրությունը եւ համայնքապետի ԺՊ նշանակելու մասին մարզպետի կարգադրությունը։ Դատարանը վիճարկման հայցադիմումը ընդունել է վարույթ։ Դա նշանակում է՝ օրենքի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտերը մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ կասեցվում է մարզպետի կարգադրությունը եւ ավագանու արձանագրությունը։ Առաջանում է նախկին փաստական եւ իրավական վիճակը»։,–պարզաբանեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի, համայնքապետին լիազորություններից զրկելու որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձեւով դադարեցրել է եւ համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին համանքապետին վերականգնել պաշտոնին կամ  նշանակել համայնքապետի տեղակալին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Նորայր Գրիգորյանը շուրջ 6 ամիս ավագանու նիստ չի հրավիրել, որն էլ հանգեցրել է իր լիազորությունները դադարեցնելուն։