Հայաստանի համար ներդրումների գրավումը շատ կարեւոր գործոն է, սակայն միայն հավաստիացումներով եւ խոստումներով ներդրողների չես գրավի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։ Ներդրողների համար, նրա խոսքերով, պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ։ «Ես խոսում եմ հարկային քաղաքականության, հարկային օրենսդրության մասին։

Հարկային օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է , եւ դա ներդրողի համար բացասական ազդակ է։ Ներդրողը, որը որոշել է ներդրումներ կատարել, ընկրկում է բացառապես գործող օրենսդրությունից , իսկ այն մեզ մոտ անընդհատ փոփոխվում է»,- պարզաբանեց փորձագետը։ Պարսյանը նկատեց նաեւ, որ ներդրողներ գրավելու համար երկրում պետք է լինի անհրաժեշտ այնպիսի մասնագետների համապատասխան բազա, որոնք կկարողանան բավարարել ներդրողների պահանջները։

«Ներդրողը, որ գալիս է Հայաստան, պետք է ունենա որակավորված աշխատակիցներ, եւ այդ գործում շատ կարեւոր դեր է խաղում պետությունը։ Պատրաստո՞ւմ է արդյոք մեր պետությունը նման կադրեր եւ ընդունա՞կ են արդյոք նրանք բավարարել շուկայի պահանջները։ Այսօրվա դրությամբ, բնականաբար՝ ոչ»,- ընդգծեց տնտեսագետը։ Ընդ որում, Պարսյանի խոսքերով, Հայաստանում չկա ինստիտուցիոնալ տնտեսական ներդրումային քաղաքականություն, ինչն էլ ավելի է բարդացնում նոր ներդրողների եւ, համապատասխանաբար, նոր ֆինանսների գրավման գործընթացը։