Հայաստանի կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի արդեն եղած ներդրումների համար, քանի որ դրանք ի վիճակի չեն պահպանել երկրում այն, ինչն արդեն կա։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքերով, ընթացիկ տարվա վերջին 6 ամիսներին ներդրողները սկսել են իրենց միջոցները դիվիդենտների տեսքով դուրս հանել Հայաստանից՝ դրանք փոխադրելով արտասահման։ «Այս տարի Հայաստանից դուրս է բերվել 30 միլիարդ դրամ ընդհանուր գումարով դիվիդենտ։ Ֆիզիկական անձինք ավելի ու ավելի շատ միջոցներ են դուրս տանում Հայաստանից։

Դա նշանակում է, որ նրանք ունեն մտահոգություն՝ կապված իրենց միջոցների հուսալիության հետ։ Հնարավոր է, որ հասարակության տեսակետից՝ հարուստների կուլակաթափումը շատ լավ է հնչում, սակայն տնտեսական առումով դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,- պարզաբանեց փորձագետը։ Պարսյանը նկատեց, որ գործող իշխանությունը շեշտը դնում է տնտեսության զարգացման վրա, եւ եթե նրա քաղաքականությունն այդ ուղղությամբ անհաջողության մատնվի, ապա այն «խաղից դուրս» կհայտնվի։

Սրա հետ կապված՝ նա առաջարկեց չքաղաքականացնել տնտեսական գործընթացները կամ ընտրովի դիրքորոշում որդեգրել այս կամ այն բիզնեսմենների հանդեպ, որոնք երկրում ունեն իրենց ներդրումները, եւ որոնք նախկին իշխանությունների հետ կապերի մեջ են եղել։ «Խաղի կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն»,- ընդգծեց տնտեսագետը։