ՄԱԿ մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես Ձեռքերը լվանալու համաշխարհային օր (Global Handwashing Day) է հայտարարել։ Այն առաջին անգամ անցկացվել է 2008թ․՝ ՄԱԿ ԳԱ-ի կողմից հայտարարված Սանիտարիայի տարվա շրջանակներում։ Այն ժամանակ ավելի քան 120 միլիոն երեխա ամբողջ աշխարհի 70 երկրներում ձեռքերը օճառով լվացել էր։

Թվում է, թե սեփական ձեռքերը լվանալու հարցը մարդու անձնական գործն է, եւ յուրաքանչյուրը կարող է որոշել այն իր մաքրասիրության եւ դաստիարակության չափով։ Մյուս կողմից, ինչպես նշում են ՄԱԿ եւ ԱՀԿ փորձագետները, չլվացված ձեռքերի խնդիրը աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, եթե այն դիտարկենք համաշխարհային մասշտաբով։

Չլվացված ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմ են ներթափանցում այնպիսի սարսափելի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսին են խոլերան, վիրուսային պնեւմոնիան, հեպատիտը, գրիպը եւ ՍՇՎՎ-ն։ «Կեղտոտ ձեռքերը» Ասիայում եւ Աֆրիկայում մանկական բարձր մահացության գլխավոր պատճառներից են, քանի որ ձեռքերի ոչ պարբերաբար լվանալը խոլերայի, դիֆտերիայի, պնեւմոնիայի, հեպատիտի, կոնյուկտիվիտի, քոսի, տարատեսակ սնկային հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, օրական միայն լուծից, որը նաեւ անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն», 5000 երեխա է մահանում։ Այդ մահերի կեսից կարելի կլիներ խուսափել, եթե նրանք ուտելուց առաջ եւ զուգարան գնալուց հետո ձեռքերը օճառով մանրակրկիտ  լվանային։